«Պանելն ընկավ նորածնիս գլխին». Երեք մանկահասակ երեխա ունեցող ընտանիքը դժբախտ պատահարից հետո կանգնել է փաստի առաջ/տեսանյութ/

Կոտայքի մարզի Արամուս գյուղի բնակիչ Խաչատուր Գեղամյանը միշտ երազել է սեփական տուն ստեղծելու մասին, սակայն վաստակը հերիքել է միայն ընտանիքի հոգսերը քիչ թե շատ հոգալու համար:Արցախյան պատերազմի մասնակից Խաչատուրը երեք մանկահասակ երեխաների հայր է: Նա և կինը Արմենուհի Ռուսակինան իրենց երջանիկ ընտանիք են համարել և բավարարվել են օրվա ձեռքբերումով: Սակայն վերջերս ընտանիքը կանգնեց ծանր իրավիճակի առաջ: Գազի արտահոսքի հետևանքով առաջացած պայթյունից մասամբ փլուզվեց տունը, որտեղ ընտանիքը բնակվում էր վարձակալական հիմունքներով:

Ակունք գյուղի 10-րդ փողոցի տներից մեկում`հունիսի 9-ին, հեղուկ գազի բալոնից (20 կգ) տեղի ունեցավ արտահոսք և պայթյուն, ինչի հետևանքով ձևախախտվեցին տան (մոտ 100 քմ) կառուցատարրերը, իսկ միջսենյակային պատերը՝ փլուզվեցին: 13-ամյա Մարինան տեղափոխվեց հիվանդանոց: Ամբողջ ընտանիքը ապրեց վախի և կորստի զգացողությունը:

«Նորածին Արևիկը հազիվ փրկվեց, պատը փլվեց մեր վրա ու պանելը ընկավ նորածնիս գլխին: Մենք ահավոր վախեցել էինք: Ես հիշում եմ պահը, երբ պանելը բարձրացնում էի մեծ աղջկաս գլխի վրայից: Ահավոր էր, բայց բոլորս փրկվեցինք: Տանտերը պահանջում է, որ հնարավորինս շուտ վերականգնենք տունը…»,-պատմում է Արմենուհի Ռուսակինան:

Խաչատուր Գեղամյանը, ով վիրավորվել է Արցախում և հաշմանդամության կարգ ունի չի ցանկանում խոսել իր ընտանիքին հասած դժբախտության մասին: Ընտանիքին օգնելու նպատակով սրտացավ մարդիկ`ժամանակավորապես տրամադրել են կիսաքայքայված տնակ, որտեղ ընտանիքի մայրը ամեն օր պայքարում է առնետների դեմ, որոնք կարող են  վնասել նաև 2 ամսական Արևիկին:

Մեծ դուստրերը Մարինան և Մանուշակը գիտակցում են իրենց ծայրահեղ ծանր վիճակը: Երեխաների աչքերում պայթյունի սարսափն է, որին գումարվում են փողոցում հայտնվելու մտքերն ու հուսահատությունը: Ամբողջ ընտանիքը ծանր սպասման մեջ է:
Խաչատուր Գեղամյանը դիմել է մարզպետարանին, սակայն վերջինիս որպես փոխհատուցում տրամադրվել է միայն 50 հազար դրամ:

Պատրաստեց` Լուսին Ղազարյանը

Հ.Գ  «ԼԻՆԵՆՔ ԲԱՐԵՐԱՐ» բարեգործական ՀԿ-ն և «Պառլամենտ» հասարակական-քաղաքական ամսագիրը նախաձեռնել են դրամահավաք` ընտանիքին օգնելու և օթևանի հարցը լուծելու համար:

Բոլոր օգնել ցանկացողները կարող են զանգահարել և գրել հետևյալ հեռախոսահամարներով և հասցեներով.

ԼԻՆԵՆՔ ԲԱՐԵՐԱՐ բարեգործական ՀԿ
Հ/Հ Ակբա Կրեդիտ Ագրիկոլ բանկ 220473350043000
Հեռ՝ (010) 444-105
Էլ. հասցե՝ info@barerar.org
Կայք՝ www.barerar.org

Parliament.amsagir@mail.ru

Հեռ: 093 066 390