Այս տարի արդեն երրորդ անգամ ամբողջ աշխարհից հայ երիտասարդները կմիավորվեն «Summer Business School 2019»-ի շուրջ

Այս տարի արդեն երրորդ անգամ ամբողջ աշխարհից 14-19 տարեկան հայ երիտասարդները կմիավորվեն «Summer Business School 2019»-ի շուրջ: Մանրամասների մասին Armenian News-ը զրուցել է «Summer Business School 2019» նախագծի հեղինակ Նանե Մաթևոսյանի հետ.

«Ծրագիրն այս տարի մեկնարկում է օգոստոսի 9-ին և կտևի մինչ ամսի 20-ն Արցախի Վալլեքս Գարդեն Հոթելում»,-ասաց զրուցակիցս ու հավելեց, որ մասնակիցներին ընձեռվելու է բացառիկ հնարավորություն ոչ միայն ծանոթանալ հեռանկարային՝ բիզնես, ՏՏ և բիզնես անգլերեն ոլորտներին, այլ նաև ձեռք բերել պրակտիկ փորձ՝ մշակելով սեփական ստարթափ նախագծերը: Վերջինիս խոսքով՝ Summer Business School 2019-ի մասնակիցներին դասավանդելու են տվյալ ոլորտների հայաստանյան լավագույն մասնագետները, ինչն էլ կարևոր քայլ է երիտասարդների հետագա մասնագիտական կայացման և անհատական զարգացման համար: ՙ

«Նախագծի կարևորագույն առավելություններից է այն, որ տեղաբնակ և օտարերկրյա մեր հայրենակիցները հնարավորություն են ստանալու շփվել իրենց հասակակիցների հետ, օգտագործել մայրենի լեզուն և ձևավորել ընկերական և գործնական կարևոր կապեր»,-նշեց զրուցակիցս ու շեշտադրեց, որ նախագիծը փայլուն տարբերակ է մասնագիտական կողմնորոշման և հետագայում լուսավոր հեռանկարների համար:

Նշենք, որ այս պահին ծրագիրն ավելի քան 100 հայտ ունի: Մասնակիցների ընտրությունը կատարվելու է մրցույթային կարգով:

Ինչ վերաբերում է նման ծրագրերի կարևորությանն ու անհրաժեշտությանը հոգեբան Սամվել Խուդոյանը նշեց, որ նման դպրոցները շատ մեծ դեր են խաղում ինչպես սփյուռքահայ և հայաստանցի պատանիների մերձեցման, իրար ավելի լավ ճանաչելու, այնպես էլ ֆիզիկական պատրաստվածության, կարգապահության ձևավորման, հայրենասիրության դաստիարակության գործում։ «Համապատասխան գիտելիքների պաշարի լրացումն ու օգտակար թրեյնինգները համեմված հաճելի ժամանցով լավագույնս օրինակն է օգտակարի և հաճելի համադրման»,-ասաց հոգեբանը: